Wednesday, June 17, 2026

Էմփայըր Սթեյթ աշտարակ

Ուշ գիշեր է Մանհեթընում։
Քաղաքի շքեղ լուսավորը
գամել է ինձ 
պատմություն շշնջող փողոցների մայթերին։
Երկնաքերերի արծաթե ուսերը
դիպչել են ամպերին․
նրանք շենքեր չեն,
այլ ապակու մեջ պարուրված
հնագույն տիտաններ։
Նրանց լուսամուտները՝ 
անթարթ աչքեր,
չափազանց խորաթափանց,
չափազանց գիտակից,
կարծես շնչավոր անմահներ լինեն։

Վերադառնում եմ հյուրանոց,
փակվում սենյակում
այդ հսկայությունից փախչելու համար,
բայց քաղաքի ամենածերուկ պահապանը
կարծես հետևել էր ինձ։
Իր սրածայր գագաթը
ծակել էր խավարը՝ ասեղի նման,
երկինքն ու երկիրը կարկատել իրար
ու կախվել լուսամուտիս։
Երդվու՛մ եմ,
երբ վարագույրը բացեցի
ինձ աչքով արեց։

Մանհեթըն
Հուլիս 2025

Ափսոսանքն ու ես

Այսօր ժամանակը
բացել էր մի մոռացված ալբոմ
ու էջ առ էջ 
վերադարձնում էր ինձ
այն օրերը,
որոնց կողքով անցել էի
աննկատ, անփույթ։
Լուսանկարների միջից մի կին
գարուն աչքերով ինձ էր նայում,
ժպիտն այնքան խաղաղ,
որ բառերը խոնարհվում էին նրա առաջ։
Եւ այդ կինը ես էի
ու ես գեղեցիկ էի․
այն ցանկալին,
որին փնտրել էի ուրիշների աչքերում։
Ափսոս հայելին
երբեք չպատմեց այն ճշմարտությունը,
որ տարիներ անց
պիտի տեսնեի մի լուսանկարում։

05/13/2026


Անկյուն

Մաղձը նիրհում է
երբ մելանխոլիկ բաց կապույտը
ամփոփվում է իմ նեղլիկ անկյունում,
որին Վեներա են կոչում
հուսահատները։

Գրողը փակուղում

Այս պիեսի վերջին արարը
պիտի գրվի ծածկագրերով,
կախման կետերով,
ու հերոսները խենթ ու խելառ,
պիտի թաքնվեն
նախորդ էջերի տողերի գրկում:

Այս կիսատ երկը
սպասում է քեզ,
որ հայտնվես հրաշքի պես,
պատմես իմ կորցրած գրչի մասին
որ ապշել է ափիդ մեջ:


2007 Վիեննա

Ձեռքերս թռչուն

Ծալք առ ծալք հավաքեցի
գիշերվա շունչը,
երազի երգը
պոկեցի թղթի սպիտակից,
ձուլեցի ժամանակը, 
հուշն ու կիրքը,
ու բառերիս կամուրջով քայլեցի
դեպի մոռացված մի մոլորակ,
որտեղ մանկությունը
դեռ ծիծաղում էր 
խոտի վրա պառկած։
Ու մի օր 
երբ սպառվեցին աշխարհի բոլոր թղթերը,
տարածեցի ձեռքերս
թողեցի որ տողերս թռչուններ դառնան,
ճախրեն վեր
ու գտնեն նրան
ում սիրտը դեռ տենչում է
իրեն ձոնված այս բանաստեղծությունը։

Մալիբու
04/21/2025

Tuesday, September 16, 2025

Թեհրան

Ոսկորներիս մեջ անվերջ բզզացող,
լրահոսիս առաջին հավանած թեմա,
իմ նախկին հասցե։
Երբ արշալույսի կանչերը
բարձրանում էին քո նորաշեն
բայց մոխրագույն տանիքների վրայով,
ես փորձում էի պատմել թղթին
քո և իմ սիրավեպի
վերջին արարի մասին,
որպես մանկության անմեղ գաղտնիք։
Համոզում էի անցագրիս,
որ մեկ անգամ ևս ինձ տուն տանի,
այն դռան մոտ,
որը երբեք թակելու կարիք չուներ,
այնտեղ, որտեղ մերոնք
աչքերն էին հառել տունդարձիս ճամբին,
որտեղ ես պարզապես
կոշիկներով հիշողություն չէի։
Բայց արդեն վաղուց
մաշվել են ուղիները,
դու շարժվել ես
բոլորովին օտար ոտքերի տակ։
Հացաբուլկեղենի խանութը
հիմա դեղատուն է,
մեր դպրոցը՝ փակվել է,
և իմ ստվերը
անճանաչելի է դարձել քո ծառերին։
Ես վախենում եմ քեզ նորից այցելել,
ոչ թե որովհետև չեմ կարոտում,
այլ մերժում եմ այն փաստը,
որ դու դարձել ես մի պատմություն,
որը ես մի ժամանակ գիտեի,
և հիմա դժվարանում եմ պատմել։
Փողոցը,
որտեղ քայլում էի մինչև առաւոտ՝
հանրախանութ է դարձել,
սրճարանը,
որտեղ ես չափազանց շատ էի սիրում,
անհետացել
կամ գուցե այն երբեք էլ
գոյություն չի ունեցել։
Իմ ընկերները ցրվել են,
ինչպես թռչունները քո մրոտ երկնքից․
ոմանք դարձել են հաղորդագրություն,
միւսները՝ հեռախոսահամար․
մենք միմյանց լուսանկարներ ենք ուղարկում,
ինչպես հանդերձյալ կյանքի
ուրվականներ։
Քո անհարթ մայթերը,
որ իմ կոշիկներն են մաշեցրել
հիմա խոսում են մի այլ լեզվով,
որին ես այլևս չեմ տիրապետում։
Քո բնակիչները,
որ իմ հարազատներն էին,
հիմա ինձ տուրիստ են անվանում։
Քեզանից ունեցած
յուրաքանչիւր հիշողություն
անվերջ սահում է իմ միջով,
ինչպես ջուրը,
որը փորձում է ձև ստանալ։
Երբեմն ինձ այցելում ես որպես երազ՝
տարօրինակ հմայիչ,
բայց երբե՛ք ամբողջական․
ու ես վախենում եմ քեզ այցի գալ,
ոչ թե որովհետև դադարեցի քեզ սիրել,
այլ որովհետև
դու այլևս այնտեղ չես,
որտեղ ես քեզ թողեցի
և ես`
այլևս նա չեմ, ով հեռացավ
երկու ճամպրուկով։


Է.Մասեհյան
Լոս Անջելես
2019թ.

Sunday, April 27, 2025

Քավություն

Դեռ չմկրտավծ մանկան նման
ուսերին դրված Ադամ պապիկի
ժառանգությունը
ձրի բախշեց
հենց այսօր սրբված
միլիոնատերերին
ու Տիրոջն համոզեց
որ արձակուրդ գնա:
Ծնկեց մարմարե բագինի եզրին 
ու մինչ երկինքը շանթեր էր ծնում՝
հառաչող տաղեր արձանագրեց
այս երգարանում:
հետո չոքեց իր խղճի առջեւ,
մի կուշտ աղոթեց
որ անձրեւ տեղա:

 

 Լոս Անջելես դեկտ.15,2008

Լիբրետո երկու գործողությամբ

Գործող անձիք
դու
եւ ես:

Արար առաջին

Կիսավարտ մթնոլորտում
ծխապատ բեմի վրա
դու-ն խաղում է նախավերջին արարը՝
դիմակազերծ անելով ես-ին,
հետո՝ ինքն իրեն:
Ես-ը չոքած դու-ի առջև
լուռ լսում է այն շուրթերին,
որ անզուսպ
անիծում են ինչ որ «պոետիկ»
անդարձ մի պահ:
Դու-ն վայր է դնում
կիրքը քարացած
ու թողնում բեմը
անունկնդիր:

Արար երկրորդ և վերջին

Կիսախավար բեմի անկյունում,
ես-ը գիրկն առած իր պարտությունը
փրկված «հպարտությունը»`
կրկին վերցնում է դիմակն ու պիեսը
ու խաղում  վերջին արարը՝
իր ստվերի հետ:


Թեհրան,մարտ 2007

 

Saturday, April 26, 2025

Վերջին կանգառ

Այս երգն անխոս
գրվել է միայն խաժերի համար,
որ կշտամբում են
հրերը սիրո,
հանձնվում են
առանց տրվելու
ու մարում հավերժ՝
կիզելով բոլոր կրքերը լուրթ։

Այս երգը ուշ
գրվել է վաղուց
ցուլերի համար անսանձ, ըմբոստ,
որ բախտը ձախողակ
խլել է նրանց ունակությունը
սիրահարվելու...

Ո՞վ կիմանա,
որ այս երգը գրվում է հաճախ
աշխարհից հեռու
մի մանկացած պոետի կրծքում:


Թեհրան, 2007

 

Thursday, January 30, 2025

Զոհված որդուս

Նրանք ասեցին, որ հրաժեշտը մի դուռ է,
որը ճոճվում է միայն մեկ ուղղությամբ,
իսկ ես ամեն գիշեր ականջս սեղմում եմ հողին,
լսելու համար քո շնչառության ձայնը։
Երբ սառնասիրտ հողը 
կուլ էր տալիս քեզ ամբողջությամբ,
իմ մատներն աղաչում էին ինձ քերել հողը,
քեզ լռությունից հանելու համար,
մաքրել մահվան փոշին քո մաշկից,
գրկել քեզ,
շոյել  մազերդ, ինչպես երբեմնի քամին էր անում։
-Արթնացի՛ր,
արթնացի՛ր ոչ թե որպես խնդրանք, 
այլ հրաման:
Երբ քեզ գիրկս առնեմ, 
ջերմացնեմ քեզ իմ շնչով,
քո մարմինը կհիշի, 
որ զոհվելու համար 
միայնակ չեն որոշում։


Լոս Անջելես
Նոյեմբեր 2020



Քեզ

Մի անգամ ես ժամանակը  չափեցի քո բացակայությամբ,
հաշվեցի քո բաց թողած ծննդյան օրերը,
տարիները, 
և երազները, 
որ երբեք չհասցրեցի պատմել քեզ։
Հաշվեցի թղթե կռունկները,
որ պատրաստում էի ամեն անգամ կարոտս կուլ տալուց։
Բայց ժամանակը  
բթացնում է նույնիսկ ամենասուր եզրերը,
իսկ դու այլևս վերք չես,
պարզապես անգին մի բրածո,
սեղմված սրտիս քարի մեջ:
Ո՛չ ցավ, ո՛չ կարոտ ես, 
այլ սև-սպիտակ պատկեր 
իմ կորցրած օրերի անձնագրի մեջ,
որտեղ ինչ որ բան գրվել 
բայց չի կարդացվել։


Լոս Անջելես
2017


Monday, January 20, 2025

Խոցելի

Դու՝ փշերով պարուրված,
ժամանակից կարծրացած
մի վարդ,
քո յուրաքանչյուր փուշը՝ վերք։

Ես կարող էի մոտենալ,
կամրջել ցավող հեռավորությունը,
բայց քո սիրո տեսակը
սուր 
խոցելի
չճանաչեց ձեռքերը իմ
ծակեց թավշյա շշուկներս։ 
պետք է այլևս չդիպչել 
փշիդ
պաշտպանվել բախումների խայթոցից
թաքնվել երազի հետևում 
որտեղ բացակայությունը նրբանում,
ցավը դառնում է պոեզիա,
փշերդ լուծվում են լռության մեջ
ու քեզ կարոտելու ցավը
ծաղկում է քաղցրության մեջ։
Պետք է այլևս չդիպչել
քո փշին
քո վերքին
քո հուշերին
մնալ հեռվում
մնալ անծանոթ։ 


Friday, January 10, 2025

Արդեն ուշ

Սիրտս երերում էր
տարիների ծանրությունից,
շուրթերս ծանր՝
չասված խոսքերից։
Երբ սուր քարերը 
արդեն հարթվել էին 
բացակայության գետերն անցնելով՝
վերադարձա
քեզ հետ աստղերի լեզվով
խոսելու համար,
շշուկներս սակայն
ձորը նետվեցին։
Այդ վերադարձը
դատարկության մեջ
կորած մրմունջ էր։ 

Անհարազատ

Փակ սենյակ
և այնտեղ նստած անծանոթ մի ուրվական
մտերիմիս շապիկի մեջ։ 
Նրա ծիծաղն անգամ
թափվում էր օվկիանոսի մեջ
հանգցնում
կրակներն անցյալի։

Saturday, November 23, 2024

Բոլորովին իզուր սիրավեպ

Շրջեցի բոլոր քաղաքներն ու երկրները,
թերթեցի ծովերն ու քամիները
քեզ գտնելու համար:
Հիմա, այստեղ՝
Երկաթի ու քարերի քաղաքում
կանգնած եմ քո կողքին
անհայտ ու տեղահանված
Բայց 
դու երբեք ինձ չես գտնելու։

Օգոստոս 2019
թարգմանված պարսկերենից

Friday, November 22, 2024

Հափշտակված մանկություն

Նրանց սրտում,
մի ճամպրուկ կա 
լի 
մոռացված խաղալիքներով,
երազանք
և մի աշխարհ, որ պետք է լիներ
ու հիմա չկա։
Նրանց ձեռքերը դեռ հիշում են 
խաղահրապարակները
և ծիծաղները, որ կիսատ մնացին։
ժամանակ չկար 
ճոճանակներին հրաժեշտ տալու համար,
ժամանակ չկար հարցնելու, 
թե ինչու աշխարհը փոխվեց
մինչ նրանք քնած էին:

Խաղալիքները թաղված մոխիրների տակ
սպասում են նրանց․
Նրանք միակն են,
որ չի ավերել թշնամին։


Սեպտեմբեր 2023

Քո բեկորները

Այնպես եմ ատում ինքս ինձ,
երբ քո հուշերի բեկորները
ցրված եմ տեսնում
ամենուր։ 
Կարծես ճնշվում է հյուծված մարմինս
ու փլուզվում 
անցյալի ավերակների տակ։
Դու անծանոթի ձայնի մեջ թաքնված
սուրճ ես պատվիրում սրճարաններում
ու նրանց երգերի միջով ինձ հետ զրուցում․
ուրվականի նման
թափառում ես
անցորդների ժպիտի մեջ,
և դու ամենուր ես։
Ինչպէ՞ս չլսել թրթռուն երգը,
որ ապրում է ոսկորներիս մեջ։
Ամեն վայրկյան ժամացույցը հակառակ է պտտվում
ու ես հայտնվում եմ այն փողոցում
որտեղ դու կանգնած ես,
որտեղ ընդմիշտ
գամում ես դիմագիծդ
իմ մտքերի փափուկ կավին։
Այնպես ուզում եմ մոռանալ քեզ
բայց աշխարհը տեղավորվել է
քո մաշկի տակ։


Հունիս 2009





Շնորհակալություն

Շնորհակալություն,
ձեր լռության համար,
որ ավելի բարձր է արձագանքում
քան ձեր ձայնը երբևե։
Շնորհակալություն,
չմնալու,
հեռանալու համար,
և թեթևացնելու համար այն ստվերները,
որ երբեք էլ թեթև չեն եղել։
Շնորհակալություն,
որ ես մնացի ու ընդունեցի
հասունացման նվերը։



Սեպտեմբեր 2018
Լոս Անջելես

Թեթև ստվեր

Ես մնում եմ քո հայացքի ծայրամասում,
որպես կրկներգ
քո սիմֆոնիկ օրերի շարքում,
որպես ծխի մի կտոր
լուծվող օդի մէջ։
Ես շփոթված մի ալիք
մակընթացային,
այն գեղեցիկը՝ չափազանց նուրբը
և լույսը աղոտ,
որ հետապնդում է աստղին անմատույց։
Ես այն պոեզիան,
որ հրաժարվում ես կարդալուց։
Ես այն ուրվականը,
որ թաքուն ապրում է
անհաղորդ քո գրկում։ 


Նոյեմբեր 2019
Լոս Անջելես

Wednesday, November 20, 2024

Ողջագուրանք

Քո հայացքը փարոս
կատաղի ու պայծառ,
թաթախված անձրևի թախանձագին խոնավի մեջ,
թրջված ու խճճված
կանչեց ինձ։
Սակայն
Երկինքը խանդեց՝
մեղմ լաց եղավ,
Յուրաքանչյուր արցունքը ծանրացավ
համբուրեց դեմքդ
ու ես չկարողացա հանգցնել
ձեր դաժան գրկախառնությունը։

Երբ աչքերիդ կրակը
վառվում էր 
մշուշի ու մոխրագույնի միջով,
հոգիս ձուլվեց 
անձրևի ու քո կրակի մեղմ հառաչի հետ,
լուռ վառվեց՝
դարձավ մի պտղունց լույս։


Նոյեմբեր 2020
Լոս Անջելես