Thursday, September 26, 2013

Գիտեի

Գիտեի
որ կոշիկներս թարս եմ հագել
գիտեի
որ ըմբոստանալուց առաջ
պետք է հեռանալ
կարմիր օրենքից
պետք է ապրել մի քիչ մոխրագույն
վխտել միայն վեցերորդի մեջ
փախչել հետոյից
գամվել ներկային:

Երբեմն գարուն է լինում
լույս կանաչը խանգարում է
խափանում է թարս քայլերս
ինձ ակամա առաջնորդում
վերջին պողոտան:
Պե՛տք է չոքել
կախվել քո փեշից
եւ օրօրվել մինչև աշուն
-ես հանձնվում եմ
ինձ խաղից դուրս դիր
միայն խնդրում եմ
գնդակս ինձ վերադարձրու :


Հ.Գ-ին

Ինձ թվում էր
եկել ես ընդմիշտ մնալու
մատներիդ ծայրով բաոանման
հրեշտակներ հյուսելու:

Երբ հեռացար
երգերն այլևս չվերածնվեցին
այս հեռվում
ոչ ոք
չսգաց ինձ հետ
որբացած պոեզիայի համար
չնկատեց ոչ ոք
որ դեռ չծնված բառեր թաղվեցին
քեզ հետ միասին
քո գրպաններում:

Ասա
չե՞ս ձանձրանում
այսքան մեռնելուց:


Փետրվարի 7, 2013
Լոս Անջելես

Աննվագ գիշերներ


Իր աննվագ գիշերներում
մերթ լսում է հին երգերի
մեղեդիներն
ունայն ձեռքերի
ափերի միջից:
Հոգու թափառիկ բեկորները
ծանոթ անկյունից
աչքերը հառել նվագարանին
ու հորինում են կապույտ օրերից
մի նոր սերենադ...
կրքոտ ափերը տաղ են որոնում
տա՜ղ են որոնում...
Նա հիշում է
որ մատները թողել է
դաշնամուրի ստեղներին։

Սիրեցի, յարս տարան

Դրսի խավարում
աստղերից կախված դիակն առնական
դանդաղ օրօրվում
ու մահ է պարում:

Դիմացի տնից ծուխ է բարձրանում:
Խոհանոցի անկյունում
ոճիրը ծնող նրբագեղ մի ձեռք
արգելված պտղի մեղավոր հյութով
մուրաբա պատրաստում
ու տաղ է ասում'
« սիրեցի, յարս տարա՛ն...»