Wednesday, June 17, 2026

Էմփայըր սթեյթ բիլդինգ

Ուշ գիշեր է Մանհեթընում։
Քաղաքի շքեղ լուսավորը
ինձ գամել է 
պատմություն շշնջող փողոցների մայթերին։
Երկնաքերերի արծաթե ուսերը
դիպչել են ամպերին․
նրանք շենքեր չեն,
այլ ապակու մեջ պարուրված
հնագույն տիտաններ։
Նրանց լուսամուտները՝ 
անթարթ աչքեր,
չափազանց խորաթափանց,
չափազանց գիտակից,
կարծես շնչավոր անմահներ լինեն։

Երբ վերադարձա հյուրանոց
փակվեցի սենյակում
այդ հսկայությունից փախչելու համար,
բայց քաղաքի ամենածերուկ պահապանը
կարծես հետևել էր ինձ։
Իր սրածայր գագաթը
ծակել էր խավարը՝ ասեղի նման,
երկինքն ու երկիրը կարկատել իրար
ու կախվել լուսամուտիս։
Երդվու՛մ եմ,
երբ վարագույրը բացեցի
ինձ աչքով արեց։

Մանհեթըն
Հուլիս 2025

Ափսոսանքն ու ես

Այսօր ժամանակը
բացել էր մի մոռացված ալբոմ
ու էջ առ էջ վերադարձնում էր ինձ
այն օրերը,
որոնց կողքով անցել էի
աննկատ, անփույթ։
Լուսանկարների միջից մի կին
գարուն աչքերով ինձ էր նայում,
ժպիտն այնքան խաղաղ,
որ բառերը խոնարհվում են նրա առաջ։
Եւ այդ կինը ես էի
ու ես գեղեցիկ էի․
այն ցանկալին,
որին փնտրել էի ուրիշների աչքերում։
Ափսոս հայելին
երբեք չպատմեց այն ճշմարտությունը,
որ տարիներ անց
պիտի տեսնեի մի լուսանկարում։

05/13/2026


Անկյուն

Մաղձը նիրհում է
երբ մելանխոլիկ բաց կապույտը
ամփոփվում է իմ նեղլիկ անկյունում,
որին վեներա են կոչում
հուսահատները։

Գրողը փակուղում

Այս պիեսի վերջին արարը
պիտի գրվի ծածկագրերով
կախման կետերով
ու հերոսները խենթ ու խելառ
պիտի թաքնվեն
նախորդ էջերի տողերի գրկում:

Այս կիսատ երկը
սպասում է քեզ
որ հայտնվես հրաշքի պես
պատմես իմ կորցրած գրչի մասին
որ ապշել է ափիդ մեջ:


2007 Վիեննա

Ձեռքերս թռչուն

Ծալք առ ծալք հավաքեցի
գիշերվա շունչը,
երազի երգը պոկեցի թղթի սպիտակից,
ձուլեցի ժամանակը, հուշն ու կիրքը
ու բառերիս կամուրջով քայլեցի
դեպի մոռացված մի մոլորակ,
որտեղ մանկությունը
դեռ ծիծաղում էր խոտի վրա պառկած։
Ու մի օր 
երբ սպառվեցին աշխարհի բոլոր թղթերը,
տարածեցի ձեռքերս
թողեցի որ տողերս թռչուններ դառնան,
ճախրեն վեր
ու գտնեն նրան
ում սիրտը դեռ տենչում է
իրեն ձոնված այս բանաստեղծությանը։

Մալիբու
04/21/2025