Thursday, October 24, 2013

Ինձ քո տերը դարձրիր

Առօրյան բութ հայացքը
հառել է վրաս:
Մատներիցս ձանձրույթ է կաթում:
Ձայնալարերիս միջով սլացող Ես-ը
պատեպատ զարկվելով
փշրվում,
թափվում է նվաճող հոգուս:

Ինձ քո տերը դարձրիր`
երջանկացար,
օտարացանք.
ստրուկդ լինեի
երջանկանայի:



Մարտ 25, 2013
Լոս Անջելես


Կարոտ


Արևը
ծովը
հույսը
կարոտում են ինձ
ես էլ քեզ:
Տուն արի՛։



Հունւարի 11, 2009
Լոս Անջելես

Thursday, September 26, 2013

Գիտեի

Գիտեի,
որ կոշիկներս թարս եմ հագել,
գիտեի,
որ ըմբոստանալուց առաջ
պետք է հեռանալ
կարմիր օրենքից,
պետք է ապրել մի քիչ մոխրագույն,
վխտել միայն վեցերորդի մեջ,
փախչել հետոյից,
գամվել ներկային:

Երբեմն գարուն է լինում,
լույս կանաչը խանգարում է,
խափանում է քայլերս ծուռ,
ինձ ակամա առաջնորդում
վերջին պողոտան:
Պե՛տք է չոքել
կախվել քո փեշից
եւ օրօրվել մինչև աշուն։
Ես հանձնվու՛մ եմ,
ինձ խաղից դուրս դիր,
միայն խնդրում եմ
գնդակս ինձ վերադարձրու :


Հովհաննես Գրիգորյանին

Ինձ թվում էր
եկել ես ընդմիշտ մնալու
մատներիդ ծայրով բաոանման
հրեշտակներ հյուսելու:

Երբ հեռացար
երգերն այլևս չվերածնվեցին
այս հեռվում
ոչ ոք
չսգաց ինձ հետ
որբացած պոեզիայի համար
չնկատեց ոչ ոք
որ դեռ չծնված բառեր թաղվեցին
քեզ հետ միասին
քո գրպաններում:

Ասա
չե՞ս ձանձրանում
այսքան մեռնելուց:


Փետրվարի 7, 2013
Լոս Անջելես

Աննվագ գիշերներ


Իր աննվագ գիշերներում
մերթ լսում է հին երգերի
մեղեդիներն
ունայն ձեռքերի
ափերի միջից:
Հոգու թափառիկ բեկորները
ծանոթ անկյունից
աչքերը հառել նվագարանին
ու հորինում են կապույտ օրերից
մի նոր սերենադ...
կրքոտ ափերը տաղ են որոնում,
տա՜ղ են որոնում...
Նա հիշում է
որ մատները թողել է
դաշնամուրի ստեղներին։

Սիրեցի, յարս տարան

Դրսի խավարում
աստղերից կախված դիակն առնական
դանդաղ օրօրվում
ու մահ է պարում:

Դիմացի տնից ծուխ է բարձրանում:
Խոհանոցի անկյունում
ոճիրը ծնող նրբագեղ մի ձեռք
արգելված պտղի մեղավոր հյութով
մուրաբա պատրաստում
ու տաղ է ասում'
« սիրեցի, յարս տարա՛ն...»

Monday, July 9, 2012

Երկմտանքս ծերացած

Երբ գիշերը
ձեռագիրը թողնի ստվերիս,
կը տարածեմ ձեռքերս անծիր,
կը պոկեմ երեկվա ճյուղերից կախված մի երազ,
լուռ կը մոտենամ
քո հազարամեա
- բայց դեռ մանուկ- սպասումին,
ու կը սնեմ պահերդ միայնակ,
գուցե հագենա երկմտանքս
արդեն ծերացած...




Friday, May 4, 2012

Հարազատ հեռավորություն

Հեռվում,
շա՜տ հեռվում,
մի զույգ խաժ աչքեր
կարոտած հայացքն են ուղղել տունդարձի ճամբին:
Նույն հեռուներում
մի այր-հայր՝
ժպտում է
ինչ որ մի թախիծ
մեղմելով իր մէջ:
Այստեղ,
ձանձրույթի կոկորդում կալանված պահերս
տնքում են անցյալից հայտնված ցիրուցան հուշերից:
Ափսեի միջից վերցնում եմ մի կանաչ խնձոր
շտապ կրծում,
որ գեղեցկանաս.
գիտեմ,
որ նաև դու
կժառանգես մի ժպիտ
ու մի խաժ հայացք
այս հարազատ տարածության մեջ:




Sunday, April 29, 2012

Արարիչներ

Այս օրերում
իմ չորս պատի անկյուններից
շշուկներ են լսվում անվերջ,
երկու հոգի փսփսում են
մեկ ծիծաղում
հանկարծ լռում
խորհում են լուրջ:

Այս օրերում

մենք երկուսս՝
Աստված ու ես
թևանցուկ՝
ստեղծագործում
քեզ ենք արարում:

Կալիֆորնիա 2008

Տղան

I.

Փոքրիկ տղան

չորրորդ հարկի լուսամուտին նստած
անցորդների գլխին թքում
և աննկատ թաքնվում էր վարագույրի հետևում:
Փոքրիկ տղան
մայթում կանգնած
քար էր նետում հարեվանի լուսամուտին
ու թաքնվում պատի հետևում:

II.


Փոքրիկ տղան

որ այլևս փոքր չէ
կանգնած ամայի տան լուսամուտի առջև
թքում է այն փողոցի վրա
ուր թաքցրել է իր մանկությունը
բայց չի թաքնվում:
Հասուն տղան
նորոգում է լուսամուտը
որ ջարդել է հարեվանի փոքրիկ տղան
ու թաքնվել իր մանկության օրերում:

Թեհրան,2006

Friday, April 27, 2012

Միավանկ անուն

Կապտած երկնքի
խելառ օդի
և քո համանուն մոլեգնոտ կրքի պես
ընտելացել եմ ինձ միաձուլող
քրոմոսոմների վայրի ներխուժմանը:
Պիրկ ազդրերս եսամոլ բավարարությամբ
ժխտում են ինքնուրացման կաղապարները
ափերիդ միջում:
Ինձ քո շունչն է հարկավոր
միահեծան անհայտությունից
փրկվելու համար:
Ինձ քո միավանկ անունն է պետք
սև-սպիտակ ձայները զատելու համար:
Ինձ քո մերկացնող
ձեռքերն են պետք
որ տեղավորեմ հազար տարին
մի գիշերվա մեջ:

Թեհրան,2005

Փարաջանովի նուռը

Կանգառում կեսգիշերվա
պառկում եմ սալաքարերին տագնապներիս
նա (անունը՝ չգիտեմ)
մատներով իր հայացքի
պարուրում է մարմինս
պարուրում հոգիս:


Հեծած սլաքին վայրկյանների

աստիճաններ եմ բարձրանում անվերջ
գիտեմ
կհանդիպեմ նրան
հաջորդ աստիճանին նստած
բռան մեջ
նռան յոթ հատիկներ։

Թեհրան,2006

Թաց երեկո

Գիշերվա մեջ այս խոնավ
ինձ միայն հետաքրքրում է
խխունջների անմիտ սողքը
անձրևի տակ
ու մոռանում եմ
որ շտապ պիտի ստեղծագործել
մինչ ծիածանի բացվելը:
Թաց է երեկոն
թրջվել է Աստված
ու թաքնվել կարմիր գրքի էջերում
ես փորձում եմ գտնել նրան
խխունջների հետքերով:
Երեկոն թաց է
իսկ ես խենթս
բուժում եմ
նեխած ուղեղս
բորբոսնած սիգարետներով
մինչ անձրևը
կույս տողերս է բռնաբարում
երգս դարձնելով մի լկտի գովազդ:

Երևան 2005

Սոնային

         
                                                                                                                                             
Մենք երկվորեակներ էինք, դու մեծացար տասը տարով իսկ ես անընդհատ մանկանում, չեմ  հասունանում: Անկեղծ ասած՝ ինձ դոր է գալիս քո մեծանալը և իմ...

Երբ քեզ այցի եմ գալիս
տմբտմբացնում ես գլուխդ
ուղեղիդ բջիջների մի քանի միլիոնը մաշեցնում
որ համոզվես կամ համոզես
որ սա իմ խելառ կյանքի վերջին Նոր Տարին է լինելու
որ ժամանակ չկա
որ վերջապես պետք է աճել
կնանալ
մայրանալ
որ մյուս տարի մենք տարիքակիցներ ենք դառնալու
ու հիշելու ենք այն ինը ամիսները
որ ապրեցինք
ես իմ մոր
դու քո մոր արգանդում համընթաց:
Երբեմն փորձում ես քայլել իմ ոտնահետքերով
բայց խոստովանիր որ նյարդերդ չեն դիմանում
և ականջներդ խլանում են կոտրվելուդ ձայնից
(որի համար վերջերս գլխապտույտ ես զգում)
Խոստովանիր որ ես յուրահատուկ տաղանդ ունեմ
ընտիր ընկերներ գտնելու
և նրանց մի օրում կորցնելու մեջ
որ դու գիտես
ինչու եմ քեզ գրում հենց հիմա
որովհետև ընդամենը մի քանի րոպե առաջ լսեցիր
կոտրվելոս ձայնը երազիդ մեջ:

Գլենդել, 2013

Wednesday, April 25, 2012

Ծննդոց

Նրա թևերը պոկեցին՝
հրամայեցին աշխարհ գալ,
ու ցած նետեցին ճիշտ ժամը յոթին:
Ընտրեցին մի զույգ համեստ մարդ ու կին
Ընդամենը քսանյոթ քայլ արեց,
ու դուռը թակեց․
նրանք չկային
համերգ էին գնացել,
նրան ծնելու ժամանակ չկար:





                                               

Գրի՛ր


-Գրի՛ր,- ասում է,
թե ինչպես է տեղավորվում
արեւը մանկան փոքր ափերում
գրի՛ր,
ինչպես է կապույտը երկնի
անհունանում ավելի
սեւ աչքերի մեջ:

Ո՛չ մի բուռ ցորեն
երկնի պնակում,
ո՛չ էլ մի պատառ երկինք՝ սեղանին․
ու՞ր է պոետը խելագար ...

-Գրի՛ր,- ասում է,
մինչ ես անճարակ
քերծում եմ դեմքը
նրա աչքերով ինձ նայող թղթի:

Թեհրան, 2006



Ախտ պոեզիայի

Բանաստեղծը
որ վաղուց չեր մահացել
հողին հանձնեց արեւելքն անարեւ
կուլ տվեց արտասուքն իր ծխահամ
եւ աչքերը կախ գցեց
վերջին պահին:

Բանաստեղծը
որ մոռացել էր իր բախտը
խզբզեց գունավոր երազներ
ու լուռ մեռավ
ախտից պոեզիայի։

Թեհրան, 2004