Saturday, November 23, 2024

Բոլորովին իզուր սիրավեպ

Շրջեցի բոլոր քաղաքներն ու երկրները,
թերթեցի ծովերն ու քամիները
քեզ գտնելու համար:
Հիմա, այստեղ՝
Երկաթի ու քարերի քաղաքում
կանգնած եմ քո կողքին
անհայտ ու տեղահանված
Բայց 
դու երբեք ինձ չես գտնելու։

Օգոստոս 2019
թարգմանված պարսկերենից

Friday, November 22, 2024

Հափշտակված մանկություն

Նրանց սրտում,
մի ճամպրուկ կա 
լի 
մոռացված խաղալիքներով,
երազանք
և մի աշխարհ, որ պետք է լիներ
ու հիմա չկա։
Նրանց ձեռքերը դեռ հիշում են 
խաղահրապարակները
և ծիծաղները, որ կիսատ մնացին։
ժամանակ չկար 
ճոճանակներին հրաժեշտ տալու համար,
ժամանակ չկար հարցնելու, 
թե ինչու աշխարհը փոխվեց
մինչ նրանք քնած էին:
Խաղալիքները թաղված մոխիրների տակ
սպասում են նրանց․
Նրանք միակն են,
որ չի ավերել թշնամին։


Սեպտեմբեր 2023

Քո բեկորները

Այնպես եմ ատում ինքս ինձ,
երբ քո հուշերի բեկորները
ցրված եմ տեսնում
ամենուր։ 
Կարծես ճնշվում է հյուծված մարմինս
ու փլուզվում 
անցյալի ավերակների տակ։
Դու օտարի ձայնի մեջ թաքնված
սուրճ ես պատվիրում սրճարաններում
ու նրանց երգերի միջով ինձ հետ զրուցում․
ուրվականի նման
թափառում ես
անցորդների ժպիտի մեջ,
և դու ամենուր ես։
Ինչպէ՞ս չլսել թրթռուն երգը,
որ ապրում է ոսկորներիս մեջ։
Ամեն վայրկյան ժամացույցը հակառակ է պտտվում
ու ես հայտնվում եմ այն փողոցում
որտեղ դու կանգնած ես,
որտեղ ընդմիշտ
գամում ես դիմագիծդ
իմ մտքերի փափուկ կավին։
Այնպես ուզում եմ մոռանալ քեզ
բայց աշխարհը տեղավորվել է
քո մաշկի տակ։


Հունիս 2009





Շնորհակալություն

Շնորհակալություն,
ձեր լռության համար,
որ ավելի բարձր է արձագանքում
քան ձեր ձայնը երբևե։
Շնորհակալություն,
չմնալու,
հեռանալու համար,
և թեթևացնելու համար այն ստվերները,
որ երբեք էլ թեթև չեն եղել։
Շնորհակալություն,
որ ես մնացի ու ընդունեցի
հասունացման նվերը։



Սեպտեմբեր 2018
Լոս Անջելես

Թեթև ստվեր

Ես մնում եմ քո հայացքի ծայրամասում,
որպես կրկներգ
քո սիմֆոնիկ օրերի շարքում,
որպես ծխի մի կտոր
լուծվող օդի մէջ։
Ես շփոթված մի ալիք
մակընթացային,
այն գեղեցիկը՝ չափազանց նուրբը
և լույսը աղոտ,
որ հետապնդում է աստղին անմատույց։
Ես այն պոեզիան,
որ հրաժարվում ես կարդալ։
Ես այն ուրվականը,
որ թաքուն ապրում է
անհաղորդ քո գրկում։ 


Նոյեմբեր 2019
Լոս Անջելես

Wednesday, November 20, 2024

Ողջագուրանք

Քո հայացքը փարոս
կատաղի ու պայծառ,
թաթախված անձրևի թախանձագին խոնավի մեջ,
թրջված ու խճճված
կանչեց ինձ։
Սակայն
Երկինքը խանդեց՝
մեղմ լաց եղավ,
Յրաքանչյուր արցունքը ծանրացավ
համբուրեց դեմքդ
ու ես չկարողացա հանգցնել
ձեր դաժան գրկախառնությունը։

Երբ աչքերիդ կրակը
վառվում էր 
մշուշի ու մոխրագույնի միջով,
հոգիս ձուլվեց անձրևի 
ու քո կրակի մեղմ հառաչի հետ,
լուռ վառվեց՝
դարձավ մի պտղունց լույս։


Նոյեմբեր 2020
Լոս Անջելես





Երազ

Բաժանման որոմը
խիստ խոցելի
սփռում
տարածում է թևերը,
մեղմորեն խեղդում
ժամանակի հույսին ննջած կրքերը քո։

Երբ մարի տարածությունը,
ցավը,
որ փաթաթվել էր սուր՝
խոցելի,
կհանգստանա
ու կհալչի ժամանակի ալիքների գրկում։


Հոկտեմբեր 2024
Լոս Անջելես

Նուռ

Քո ձեռքերում
հանգչում է մի նուռ
մեղմ
մետաքսե։
Յուրաքանչյուր հատիկը 
համ ու բույր՝
մեր պահերի կրակը
թաքցրած իր նուրբ կարմիրի մեջ։


Հոկտեմբեր 2022
Լոս Անջելես