Sunday, April 29, 2012

Արարիչներ

Այս օրերում
իմ չորս պատի անկյուններից
շշուկներ են լսվում անվերջ,
երկու հոգի փսփսում են
մեկ ծիծաղում
հանկարծ լռում
խորհում են լուրջ:

Այս օրերում

մենք երկուսս՝
Աստված ու ես
թևանցուկ՝
ստեղծագործում
քեզ ենք արարում:

Տղան

I.

Փոքրիկ տղան

չորրորդ հարկի լուսամուտին նստած
անցորդների գլխին թքում
և աննկատ թաքնվում էր վարագույրի հետևում:
Փոքրիկ տղան
մայթում կանգնած
քար էր նետում հարեվանի լուսամուտին
ու թաքնվում պատի հետևում:

II.


Փոքրիկ տղան

որ այլևս փոքր չէ
կանգնած ամայի տան լուսամուտի առջև
թքում է այն փողոցի վրա
ուր թաքցրել է իր մանկությունը
բայց չի թաքնվում:
Հասուն տղան
նորոգում է լուսամուտը
որ ջարդել է հարեվանի փոքրիկ տղան
ու թաքնվել իր մանկության օրերում:

Friday, April 27, 2012

Միավանկ անուն

Կապտած երկնքի
խելառ օդի
և քո համանուն մոլեգնոտ կրքի պես
ընտելացել եմ ինձ միաձուլող
քրոմոսոմների վայրի ներխուժմանը:
Պիրկ ազդրերս եսամոլ բավարարությամբ
ժխտում են ինքնուրացման կաղապարները
ափերիդ միջում:
Ինձ քո շունչն է հարկավոր
միահեծան անհայտությունից
փրկվելու համար:
Ինձ քո միավանկ անունն է պետք
սև-սպիտակ ձայները զատելու համար:
Ինձ քո մերկացնող
ձեռքերն են պետք
որ տեղավորեմ հազար տարին
մի գիշերվա մեջ:

Փարաջանովի նուռը

Կանգառում կեսգիշերվա
պառկում եմ սալաքարերին տագնապներիս
նա (անունը՝ չգիտեմ)
մատներով իր հայացքի
պարուրում է մարմինս
պարուրում հոգիս:


Հեծած սլաքին վայրկյանների

աստիճաններ եմ բարձրանում անվերջ
գիտեմ
կհանդիպեմ նրան
հաջորդ աստիճանին նստած
բռան մեջ
նռան յոթ հատիկներ։

Թաց երեկո

Գիշերվա մեջ այս խոնավ
ինձ միայն հետաքրքրում է
խխունջների անմիտ սողքը
անձրևի տակ
ու մոռանում եմ
որ շտապ պիտի ստեղծագործել
մինչ ծիածանի բացվելը:
Թաց է երեկոն
թրջվել է Աստված
ու թաքնվել կարմիր գրքի էջերում
ես փորձում եմ գտնել նրան
խխունջների հետքերով:
Երեկոն թաց է
իսկ ես խենթս
բուժում եմ
նեխած ուղեղս
բորբոսնած սիգարետներով
մինչ անձրևը
կույս տողերս է բռնաբարում
երգս դարձնելով մի լկտի գովազդ:

Սոնային

         
                                                                                                                                              Սոնային

Մենք երկվորեակներ էինք, դու մեծացար տասը տարով իսկ ես անընդհատ մանկանում, չեմ  հասունանում: Անկեղծ ասած՝ ինձ դոր է գալիս քո մեծանալը և իմ...


Երբ քեզ այցի եմ գալիս
տմբտմբացնում ես գլուխդ
ուղեղիդ բջիջների մի քանի միլիոնը մաշեցնում
որ համոզվես կամ համոզես
որ սա իմ խելառ կյանքի վերջին Նոր Տարին է լինելու
որ ժամանակ չկա
որ վերջապես պետք է աճել
կնանալ
մայրանալ
որ մյուս տարի մենք տարիքակիցներ ենք դառնալու
ու հիշելու ենք այն ինը ամիսները
որ ապրեցինք
ես իմ մոր
դու քո մոր արգանդում համընթաց:
Երբեմն փորձում ես քայլել իմ ոտնահետքերով
բայց խոստովանիր որ նյարդերդ չեն դիմանում
և ականջներդ խլանում են կոտրվելուդ ձայնից
(որի համար վերջերս գլխապտույտ ես զգում)
Խոստովանիր որ ես յուրահատուկ տաղանդ ունեմ
ընտիր ընկերներ գտնելու
և նրանց մի օրում կորցնելու մեջ
որ դու գիտես
ինչու եմ քեզ գրում հենց հիմա
որովհետև ընդամենը մի քանի րոպե առաջ լսեցիր
կոտրվելոս ձայնը երազիդ մեջ:

Wednesday, April 25, 2012

Ծննդոց

Ընտրեցին մի զույգ համեստ մարդ ու կին
նրա թևերը պոկեցին
հրամայեցին աշխարհ գալ
ու ցած նետեցին ճիշտ ժամը յոթին:
Ընդամենը քսանյոթ քայլ
Դուռը թակեց
նրանք չկային
համերգ էին գնացել
նրան ծնելու ժամանակ չկար:





                                               

Գրի՛ր


-Գրի՛ր,- ասում է,
թե ինչպես է տեղավորվում
արեւը մանկան փոքր ափերում
գրի՛ր,
ինչպես է կապույտը երկնի
անհունանում ավելի
սեւ աչքերի մեջ:

Ո՛չ մի բուռ ցորեն
երկնի պնակում,
ո՛չ էլ մի պատառ երկինք՝ սեղանին․
ու՞ր է պոետը խելագար ...

-Գրի՛ր,- ասում է,
մինչ ես անճարակ
քերծում եմ դեմքը
նրա աչքերով ինձ նայող թղթի:




Ախտ պոեզիայի

Բանաստեղծը
որ վաղուց չեր մահացել
հողին հանձնեց արեւելքն անարեւ
կուլ տվեց արտասուքն իր ծխահամ
եւ աչքերը կախ գցեց
վերջին պահին:

Բանաստեղծը
որ մոռացել էր իր բախտը
խզբզեց գունավոր երազներ
ու լուռ մեռավ
ախտից պոեզիայի։




                                                         

Ողջագուրանք