Ոսկորներիս մեջ անվերջ բզզացող,
լրահոսիս առաջին հավանած թեմա,
իմ նախկին հասցե։
Երբ արշալույսի կանչերը
բարձրանում էին քո նորաշեն
բայց մոխրագույն տանիքների վրայով,
ես փորձում էի պատմել թղթին
քո և իմ սիրավեպի
վերջին արարի մասին,
որպես մանկության անմեղ գաղտնիք։
Համոզում էի անցագրիս,
որ մեկ անգամ ևս ինձ տուն տանի,
այն դռան մոտ,
որը երբեք թակելու կարիք չուներ,
այնտեղ, որտեղ մերոնք
աչքերն էին հառել տունդարձիս ճամբին,
որտեղ ես պարզապես
կոշիկներով հիշողություն չէի։
Բայց արդեն վաղուց
մաշվել են ուղիները,
դու շարժվել ես
բոլորովին օտար ոտքերի տակ։
Հացաբուլկեղենի խանութը
հիմա դեղատուն է,
մեր դպրոցը՝ փակվել է,
և իմ ստվերը
անճանաչելի է դարձել քո ծառերին։
Ես վախենում եմ քեզ նորից այցելել,
ոչ թե որովհետև չեմ կարոտում,
այլ մերժում եմ այն փաստը,
որ դու դարձել ես մի պատմություն,
որը ես մի ժամանակ գիտեի,
և հիմա դժվարանում եմ պատմել։
Փողոցը,
որտեղ քայլում էի մինչև առաւոտ՝
հանրախանութ է դարձել,
սրճարանը,
որտեղ ես չափազանց շատ էի սիրում,
անհետացել
կամ գուցե այն երբեք էլ
գոյություն չի ունեցել։
Իմ ընկերները ցրվել են,
ինչպես թռչունները քո մրոտ երկնքից․
ոմանք դարձել են հաղորդագրություն,
միւսները՝ հեռախոսահամար․
մենք միմյանց լուսանկարներ ենք ուղարկում,
ինչպես հանդերձյալ կյանքի
ուրվականներ։
Քո անհարթ մայթերը,
որ իմ կոշիկներն են մաշեցրել
հիմա խոսում են մի այլ լեզվով,
որին ես այլևս չեմ տիրապետում։
Քո բնակիչները,
որ իմ հարազատներն էին,
հիմա ինձ տուրիստ են անվանում։
Քեզանից ունեցած
յուրաքանչիւր հիշողություն
անվերջ սահում է իմ միջով,
ինչպես ջուրը,
որը փորձում է ձև ստանալ։
Երբեմն ինձ այցելում ես որպես երազ՝
տարօրինակ հմայիչ,
բայց երբե՛ք ամբողջական․
ու ես վախենում եմ քեզ այցի գալ,
ոչ թե որովհետև դադարեցի քեզ սիրել,
այլ որովհետև
դու այլևս այնտեղ չես,
որտեղ ես քեզ թողեցի
և ես`
այլևս նա չեմ, ով հեռացավ
երկու ճամպրուկով։
Է.Մասեհյան
Լոս Անջելես
2019թ.